ՌԴ անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը բավականին սուր է արձագանքել ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հայտարարություններին. վերջինս բազմանշանակ ակնարկել էր, որ չի կարող Մայիսի 9-ին երաշխավորել միջազգային առաջնորդների անվտանգությունը Մոսկվայում։ «Հաղթանակի օրը իսկական սադրանքի դեպքում ոչ ոք չի երաշխավորի, որ Կիևում մայիսի 10 կլինի»,- գրել է Մեդվեդևն իր թելեգրամյան ալիքում։               
 

ՈՒրբաթն ավելի շուտ եկավ, քան շարբաթը

ՈՒրբաթն ավելի շուտ եկավ, քան շարբաթը
25.12.2024 | 08:24

-Արտաշատցի մի շատախոս քավոր ունենք,- պատմում է եղեգնաձորցի պատմաբան ընկերս։ - Սիրում է ինքը խոսել, ուրիշներին հերթ չի տալիս։ Դա որ գալիս է Եղեգնաձոր, մեզ չի թողնում քնենք։ «Ա՜յ մարդ, խոսաս ենքյ, էլի՜։ Քյնելու մեջ ի՞նչ կա»։ Մինչև ուշ գիշեր պատմություններ է պատմում՝ խորամանկորեն նկատելու չտալով իր հոգնած, հորանջող, երբեմն էլ արդեն ննջող լսարանը։ Նրա՝ մեր տուն գալը մի անքուն գիշերվա սարսափ է մեզ համար։

Մի օր էլ, երբ նորից եկել էր, եղբորս գլխում մի «հանճարեղ» միտք ծագեց։ Մեր տներից մի քանի տուն էն կողմ մի զրուցասեր մարդ կար, որը զրուցելու համար, մեղմ ասած, «խելքն իրանը չէր»։ Եղբայրս ասաց. «Վարթանին կանչենքյ, թող իրար հետ խոսան, մենք կեթանքյ, կքյնենքյ»։ Վարդանի ինքնասիրությունը շատ էր շոյվել, երբ եղբայրս ասել էր. «Վարթան քյեռի, տանը կոնաղ ունենքյ, յարեքյ մե քյիչ գյալաջի արեքյ»։ Իր արժեքը զգացող մարդու գոհունակությունը դեմքին, «տելեգրեյկան» ուսերին գցած եկավ։ Մի քիչ հաց-մաց ուտելուց հետո մենք մեկ-մեկ անաղմուկ գնացինք քնելու։ Վերջում մերս ասել էր. «Քավոր ջան, իրար հետ խոսացեքյ, տեղաշորդ էս կողքի սենյակում եմ գցել, հենց որ քնել կուզես, կեթաս, կպառկես։ Մեզ էլ կներեքյ, վաղը առավոտ շուտ աշխատանքի ենքյ, եթանքյ մե քիչ հանգստանանքյ»։ Մնացել էին քավորն ու Վարդանը։ Խոպան ականջ գտած զրուցամոլի ոգևորությամբ քավորս մտել էր իր տարերքի մեջ. «Վարթանիս ասեմ, իմ քաղցր ախպորս ասեմ, բա չես ասի՝ անցած տարի մեր հարևան Դալար գյուղում մի խորամանկ կնիկ իրա մարդու գլխին ինչ զուլում օյին խաղաց, ինչ զուլում օյին։ ...ՈՒրեմն տրանց տունը Բազարչայից մե աշկը դուս մարթ ա եկած ըլնում»։ «Բազարչայցիների մեծ մասն էտպես ի, - խոսակցության մեջ ա մտնում Վարդանը, - խոսքդ շաքյարով կռեմ, տու քո պատմությունը չմոռանաս, քյանի միտս ի, ես էտ բազարչայցիներեն մե պան պատմեմ»։ Քավորը շփոթվում է։ Խոսողից անսպասելի լսողի դերում հայտնվելը հեչ իր սրտովը չէր։ Բայց դե, պարզվում է «խոսքդ շաքյարով կռեմ» խոսքի դեմ իր «զինանոցում» մշակված պատասխան քայլ չուներ։

Վարդանը ծոր տալով սկսում է իր պատմությունը, իսկ քավորը նեղսրտած սպասում է պատմության պրծնելուն, որ շարունակի Դալարի «խորամանկ» կնկա պատմությունը։ Բայց Վարդանին հաջողվում է խոսքի խորամանկ անցումով հիմնական պատմության մեջ ձեռի հետ երկու հատ էլ ուրիշ պատմություն պատմել, որոնց բարոյական իմաստը հեռավոր ձևով լրացնում էր հիմնական պատմությանը։ Գնալով քավորը դառնում է անհամբեր, սկսում է անհանգիստ շարժումներ անել։ Վարդանի վերջացնելուց հետո խորը շունչ ա քաշում, որ վերջապես սկսի Դալարի խորամանկ կնոջ պատմությունը։ Երեք, թե չորս նախադասություն դեռ չի հասցնում ասել, Վարդանը ձեռքի հարգալից ժեստով ընդհատում է. «Քավոր ջան, խոսքդ շաքյարով կռեմ, մե րոպե համփերի, ես մե կարևոր պան մոռացա, էդ էլ պատմեմ քյանի միտս ի... հետո տու առաջ կեթաս»։ Քավորը գույն ա տալիս, գույն ա առնում, բայց ինչ անի։ Տազ արած էդ պատմությունն էլ է լսում, մի պատմություն էլ վրադիր։ «Դե, քավոր ջան, տու քո խոսքը շարունակի»։ Խեղճացած ու մի քիչ էլ շշմած, քավորը շարունակում է ընդհատված պատմությունը. «... էդ բազարչայցին ոնց ա էդ կնգան աչքերով ուտում։ Մարդն էլ, Վարթանիս ասեմ, էշի մեկն ա, անասուն, գլխի չի ընկնում, իսկական հայվան...»։ «Ըտենց մի էշի մեկյն էլ մեր էս փողոցում կա, քավոր ջան, - խոսքը խլում է Վարդանը, - խոսքդ շաքյարով կռեմ, ես մեր էտ հեյվանի պատմությունն անեմ, քյանի միտս ի»։ Քավորի գլխին ոնց որ սառը ջուր լցնես։ Բայց իր համբերության կրճոնները հավաքելով՝ լսում է եղեգնաձորցի էդ «հեյվանի» պատմությունը ևս՝ մտքում տարբեր կարգի հիշոցներ արձակելով Վարդանի հասցեին։

Առավոտվա հինգին մոտ տանեցիները զարթնում են Վարդանի և քավորի գոռգոռոցից ու քաշքշոցից։

- Տո, ես քու շաքյարն էլ..., քու Բազարչայն էլ..., - նախադասության ստորոգյալն էլ հետը բղավում է քավորը։

Վարդանը վիրավորված հեռանում է։

- Ի՞նչ ա եղե, քավոր ջան, - մոտավորապես կռահելով կատարվածը, կեղծ անհանգստությամբ հարցնում են տանեցիք։

- Ա՛յ մարդ, էդ անկուլտուրական զավզակյ անասունին որտեղի՞ց պերիքյ... չթողաց մե պերան խոսամ, .... պերանս չպացած՝ «խոսքդ շաքյարով կռեմ, խոսքդ շաքյարով կռեմ»։

Քավորը պետք է վերադառնար, բայց մի օրով հետաձգեց իր գնալը ու տանեցիներիս մինչև ուշ գիշեր պատմեց ոչ միայն Դալարի խորամանկ կնոջ պատմությունը, այլև անցավ արտաշատցի Վարդուշի սեռական տասներկու սխրագործություններին, իսկ առավոտվա դեմ հասցրեց պատմել առանց ամուսնու օգնության բազմազավակ մայր դարձած մի կնոջ խճճված պատմություն... Շոռլու գյուղից։

Արամ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 4833

Մեկնաբանություններ